Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Հայաստան է վերադարձել թաղային հեղինակություն համարվող Վարդան Ավագյանը` Քլոս մականվամբ, որը մոտ 20 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Նա Հայաստան է եկել ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին` Տոնուսի Աշոտին Աժ ընտրությունների հարցում օգնելու համար:
«Այս տեղեկությունը հաստատել է նաև Տոնուսի խոսնակը` ասելով «Տոնոյանը և Ավագյանը մանկության ընկերներ են և հիմա էլ ունեն շատ ջերմ և ընկերական հարաբերություններ, իսկ այդ հարաբերությունների մեջ պետք չէ քաղաքական որևէ ենթատեքստ տեսնել: Իսկ կօգնի պարոն Տոնոյանին, թե ոչ` կխնդրեմ, որ Ավագյանին հարցնեք»,- ապա թերթը հավելում է.
«Հիշեցնենք, որ նույն Քլոսը ժամանակին աշխատում էր ՀՀԿ-ի համար, քանի որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) մտերիմն էր համարվում: Ինչ վերաբերում է Տոնուսին, ապա «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ վերջինիս բազմաթիվ հավատարիմներ` այդ թվում նաև 2007-ին նրա նախընտրական շտաբի պետը` լքել են նրան: Տոնոյանը խաբել է երբեմնի մտերիմներին»:









































