«Հրապարակ»-ը գրում է, որ ընտրական պատրաստությունների այս թեժ շրջանում Հանրապետական կուսակցության տարբեր թևերում զբաղված են ԲՀԿ-ի օգտին «տակից» աշխատող ՀՀԿ-ականների որսով:
«ՀՀԿ-ականները, ականջները սրած, աչքերը չորս արած` հետևում են այս կամ այն կասկածելի ՀՀԿ-ականին, որը տեսականորեն կարող է աշխատել ԲՀԿ-ի օգտին, ապա մատնում Սերժ Սարգսյանին: Ահա այս որսի թիրախում է հայտնվել Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ, ինչպես նաև ՀՀԿ-ի իրավաբան Սեյրան Յուզբաշյանը: ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ` օրերս բացահայտվել է, որ Յուզբաշյանը ոչ միայն աշխատում է ԲՀԿ-ի օգտին, այլև վերջերս Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար գործող իշխանությանը քննադատող խրոխտ ելույթներ է գրել»,- ապա թերթը հավելում է.
«Նշենք, որ Յուզբաշյանը համարվում է Գալուստ Սահակյանի թիմի ներկայացուցիչ: Որոշ տեղեկությունների համաձայն` նա Աժ իրավաբանական վարչության պետ է նշանակվել Գրիգորիչի ջանքերի շնորհիվ: Այս լուրերի վերաբերյալ մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություններ լսել Յուզբաշյանից.
«Դա բացառվում է, ես ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ ԲՀԿ-ի հետ խնդիր չունեմ: Չեմ կարող ուղղակի խնդիրներ ունենալ: Անհեթեթ խոսակցություններ են, ես չգիտեմ, թե ովքեր են տարածում այդ խոսակցությունները»:









































