Աֆրիկյան միությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել տուարեգների ինքնահռչակ պետությունը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Ժան Պինգի հայտարարությունը:
Այսօր՝ առավոտյան, «Ազավադի ազատագրության ազգային շարժումը» (ԱԱԱՇ) Մալիի հյուսիսում՝ տուարեգների պատմական հայրենիքում, հռչակել է իր անկախությունը:
Պինգը անկախության հռչակման հայտարարությունը համարել է «անօգուտ և չնչին» և միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանել Աֆրիկյան 54 երկրների այդ սկզբունքային դիրքորոշումը:
Ավելի վաղ ԱԱԱՇ գործադիր կոմիտեն դիմել էր միջազգային հանրությանը՝ պահանջելով անմիջապես ճանաչել տարածաշրջանի անկախությունը:
Հիշեցնենք, որ Մալիում մարտի 22-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո երկրի հյուսիսում ակտիվացան տուարեգները և կարողացան գրավել Ազավադի շրջանի Տիմբուկտու Գաո և Կիդալ խոշոր քաղաքները:









































