Սիրիան Լիբանանի սահմանի վրա տեղակայել է ռուսական արտադրության SA-17 երկու զենիթահրթիռային համալիր: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, այս պահին աշխատանքներ են տարվում երրորդ համալիրի տեղակայման համար: Պարբերականի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիան ստացել է մի քանի «Բուկ» համալիրներ՝ համաձայն 2 տարի առաջ ստորագրված պայմանագրի:
Ստոկհոլմի աշխարհի խնդիրների հետազոտական ինստիտուտի տվյալների բազայի համաձայն՝ Ռուսաստանը 2011թ. Սիրիային տրամադրել է 8 «Բուկ-Մ2Է» համալիր և 160 9Մ317 զենիթային կառավարման հրթիռ:
Չի բացառվում, որ Լիբանանի սահմանի մոտ Սիրիան տեղակայել է հենց «Բուկ-Մ2Է» համալիրներ: Իր հերթին Իսրայելը ստիպված է եղել փոխել իր ինքնաթիռների ուղղությունը, որոնք հետախուզական նյութեր են հավաքում «Հըզբոլլահի» դեմ:
Մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, բազմիցս դեմ են հանդես եկել Ռուսաստանի կողմից Սիրիային զենքի մատակարարմանը: Ռուսաստանի ղեկավարությունն իր հերթին պատրաստվում է մինչև վերջ իրականացնել Դամասկոսի հետ կնքված պայմանագրերը:








































