Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն ՄԱԿ-ում աֆրիկյան երկրների դեսպանների հետ ունեցած հանդիպումից հետո խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանի համար շատ կարևոր է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը.
«Ներկայիս պայմաններում կարևոր է, որ Վրաստանն ունենա լայն ու բազմավեկտոր քաղաքականություն, քանի որ նրա արտաքին քաղաքական առաջադրանքները չեն սահմանափակվում միայն տարածաշրջանով: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը փորձում է համայն աշխարհում համակիրներ գտնել, որպեսզի նրանց դրդի Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի ճանաչմանը:
Դրա համար էլ Վրաստանի համար շատ կարևոր է, որ Վրաստանի և օկուպացված տարածքների նկատմամբ նրա վարած քաղաքականության մասին հստակ տեղեկատվություն ունենան երկրագնդի ցանկացած կետում: Կարևոր է նաև այն, որ բոլորն իմանան, թե Վրաստանն ինչպիսի քաղաքականություն է իրականացնում միջազգային ուղղությամբ:
Կարևոր է, որ գնալով ավելի շատ երկրներ աջակցեն ՄԱԿ-ում Վրաստանի քաղաքական ակտիվությանը: Ամեն տարի մենք ՄԱԿ ԳԱ-ում առաջ ենք քաշում կարևոր բանաձևեր: Վերջին երկու տարիներին, չնայած Ռուսաստանի հակազդեցությանը, մեզ հաջողվեց հասնել տվյալ բանաձևերի ընդունմանը: Աֆրիկյան տարածաշրջանի հետ հարաբերությունների ակտիվացումը Վրաստանի շահերից է բխում»:








































