Իտալիայի «Հյուսիսային լիգա» ընդդիմադիր աջ կուսակցության առաջնորդ Ումբերտո Բոսին, որը համարվում էր երկրին նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավոր համախոհը, հրաժարական է տվել: Այս մասին հաղորդվում է կուսակցության հայտարարության մեջ: Բոսին նման որոշոմ է կայացրել իր հասցեին հնչած կոռուպցիայի մեղադրանքների պատճառով: Նրան մեղադրում էին հարկատուների գումարները սեփական առանձնատան վերանորոգման և իր երեխաների հանգիստը վճարելու համար օգտագործելու մեջ:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Բոսին հայտարարել է, որ իր հրաժարականը օգտակար կլինի և՛ կուսակցության, և՛ ընտանիքի համար: Կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցության անդամներից ոչ մեկը Բոսիին չի մղել նման որոշում կայացնել: Իհարկե, դա չի նշանակում, որ նա խզում է իր բոլոր կապերը կուսակցության հետ. նա նշանակվել է կուսակցության պատվավոր նախագահ:
Ապրիլի սկզբին Իտալիայի դատախազությունը հետաքննություն սկսեց «Հյուսիսային լիգա» կուսակցության գլխավոր գանձապահ Ֆրանչեսկո Բելզիտոյի և կուսակցության ևս երկու անդամների դեմ: Նրանք մեղադրվում են խարդախության և կուսակցության անօրինական ֆինանսավորման մեջ: Մասնավորապես, դատախազությունը պնդում է, որ ապրիլի 3-ին հրաժրական տված Բելզիտոն կուսակցության միջոցներն օգտագործել է Բոսիի և նրա որդիների հաշիվները փակելու համար:
70-ամյա Բոսիի դեմ առայժմ ոչ մի հետաքննություն չի գնում: Նա ինքը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:








































