Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի իշխանությունները կտրուկ հանդես են եկել ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի կազմում գտնվող արաբական երկրների պլանի դեմ, որն առնչվում է տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տեղակայմանը:
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ՀՀՊ-ի տեղակայման այդ պլանին. «Իրանի բարեկամ տարածաշրջանային երկրներին կոչ եմ անում չաջակցել ՀՀՊ-ի ստեղծման առաջարկին:
Իրանն ի սկզբանե դեմ է հանդես եկել այդ պլանի ընդունմանը, քանի որ դա սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի կայունությունը: Վաշինգտոնը փորձում է պատրանք ստեղծել, թե Իրանը լուրջ սպառնալիք է ներկայացնում Պարսից ծոցի երկրների համար»:
Հիշեցնենք, որ ներկայումս Վաշինգտոնը տարածաշրջանում ՀՀՊ-ի ստեղծման շուրջ բանակցում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Օմանի, Բահրեյնի և Քուվեյթի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին քննադատել էր ապրիլի 1-ին Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի երկրորդ հանդիպումը՝ այն որակելով որպես «Իսրայելին յուրօրինակ կաշառքի տրամադրում»:
Նա հավելել էր, որ այդ կոնֆերանսի հիմնական նպատակները տարածաշրջանում Իսրայելին դիմակայող շրջանակների դիրքերի թուլացումն է և Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից ՀՀՊ համակարգի տեղակայման ձգտումը: Ըստ Լարիջանիի՝ ԱՄՆ-ը ցանկանում է տարածաշրջանի երկրների փողերով ապահովել Իսրայելի անվտանգությունը:








































