ՌԴ արտգործնախարարությունը այսօր` ապրիլի 6-ին, նյույորքյան դատարանի որոշումը, որը ռուս գործարար Վիկտոր Բուտին դատապարտել էր 25 տարվա ազսատազրկման, անվանել է «չհիմնավորված և կողմնակալ» ու մտադրություն է հայտնել օգտագործել ունեցած միջազգային-իրավական մեխանիզմները նրան հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում:
Ռուսաստանի արտգործնախարարությունում նկատել են, որ Բուտին դատապարտելիս ամերիկյան արդարադատությունը կատարել է «քաղաքական հստակ պատվեր»` անտեսելով փաստաբանների եզրակացություններն ու նրան անօրինական կալանավորելու հանգամանքը:
Ռուս դիվանագետների կարծիքով` Բուտը հայտարարվել էր «մահվան առևտրական» ավելի վաղ, քան նրան դատապարտել էին:
Ռուսաստանի արտգործնախարարությունում դատապարտել են նաև ամերիկյան ԶԼՄ-ներում արշավը, որի նպատակը երդվյալ ատենակալների որոշման վրա ազդելն էր:
ՌԴ արտգործնախարարությունում նույնպես ընդգծել են, որ Բուտի վերադարձման հարցը դառնալու է առաջնային ռուս-ամերիկյան հարաբերությունների օրակարգում:
Վիկտոր Բուտը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել 2012 թ. ապրիլի 5-ին: Դատարանի վճռի համաձայն` նա պետք է վճարի նաև 15 մլն դոլար տուգանք:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում առաջին տեղեկությունն այն մասին, որ Բուտի բիզնեսը ներառում է զենքի անօրինական առևտուր այն երկրներում, որտեղ գործում է միջազգային էմբարգոն, հայտնվել է 1990-ականներին: Նշվում էր, որ դրանք գնում են Աֆղանստանի, Անգոլայի, Տոգոյի, Ռուանդայի, Լիբերիայի, Սիեռա Լեոնեի կառավարություններն ու ահաբեկչական խմբավորումները, ինչպիսք են՝ «Թալիբանն» ու «Ալ-Քաիդան»: Նրա անունը հիշատակվել է` կապված զենքի անօրինական առաքման գործում ՄԱԿ-ի ԱԽ-ի 2000 թ., Amnesty International կազմակերպության 2005-2006 թթ., ԱՄՆ պետդեպարտամենտի հաշվետվություններում:
2002 թ. ՄԱԿ-ը նրա անունը ներառեց իր «սև ցուցակի» մեջ, 2005-ին սառեցրեց նրա և նրա հետ առնչվող անձանց հաշիվները:
Բուտը 2008 թ. մարտի 6-ին կալանավորվել է Բանգկոկում (Թաիլանդ): Դա կատարվել է ԱՄՆ կառավարության խնդրանքով՝ թաիլանդական դատարանի որոշմամբ:
2008 թ. մայիսի 6-ին ԱՄՆ-ը պաշտոնապես մեղադրանք առաջադրեց նրա դեմ ` մեղադրելով կոլումբիական ահաբեկչական խմբավորումներին զենքի անօրինական վաճառքի մեջ:









































