Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանը դադարեցրել է «Բաց երկինք» պայմանագրով Ռուսաստանի հետ համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձած պարտավորությունները և, բացի այդ, 2010 թվականից սկսած՝ փորձեր է ձեռնարկում համաձայնագիրն օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության օրինականացման համար:
Թբիլիսիի կարծիքով՝ ռուսական կողմը մասնավորապես իր նպատակներին է ծառայեցնում համաձայնագրի այն կետը, որով արգելվել են համաձայնագիրը չստորագրած երկրների սահմաններից 10 կիլոմետրից էլ քիչ շառավղով դիտորդական թռիչքները: Մոսկվան այդ երկրների տակ հասկանում է Աբխազիան ու Հարավային Օսիան:
Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ Ռուսաստանը միակողմանիորն չի կարող փոփոխել պայմանագրի գործողությունների սահմանները՝ հայտարարելով մասնակից երկրի տարածքում նոր օբյեկտների (Աբխազիա ու Հարավային Օսիա) ճանաչման մասին:
Հիշեցնենք, որ «Բաց երկինք» պայմանագիրն ընդունվել է 1992 թվականին և բոլորի կողմից վավերացվել է 1995 թվականին: Ներկայիս դրությամբ պայմանագրի մասնակից են 34 երկրներ:




































