Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը մերժել է «Վեցյակի» հետ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները եվրոպական երեք երկրներում անցկացնելու առաջարկը: Այս մասին հայտնում է Թեհրանում եղած դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայիս դրությամբ, բանակցությունների անցկացման վայրի շուրջ բանակցությունները շարունակվում են ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Հելգե Շմիդտի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերիի միջև:
Աղբյուրի խոսքերով՝ Քեթրին Էշթոնը դրանց անցկացման համար առաջարկել է երեք տարբերակ՝ Նորվեգիա, Շվեյցարիա, Ավստրիա, սակայն Իրանը պատասխանել է, որ չի ցանկանում իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վարել այդ երկրներում.
«Ներկայիս դրությամբ մի շարք ասիական երկրներ պատրաստակամություն են ցուցաբերում այդ բանակցություններն անցկացնել իրենց մոտ: Սակայն Իրանը նախապատվությունը տալիս է Բաղդադի տարբերակին: Կողմերը եկել են համաձայնության, որ ապրիլի 14-ին վերջնականապես որոշվելու է բանակցությունների անցկացման վայրը»:









































