Լիբիայի կառավարությունը դիմել է ժողովրդին` կոչ անելով օգնել ավարտել անցումային շրջանը և վերականգնել պետականությունը: Հանրապետության քաղաքացիներին նման ուղերձը փոխանցվել է Նասեր Ալ-Մանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցչի միջոցով:
«Լիբիացիները պետք է հասկանան, որ ազատությունը և քաոսը տարբեր բաներ են, իսկ մենք բոլորս պետություն ենք: Մարդիկ պետք է գիտակցեն, թե ինչ փուլի մեջ է երկիրը գտնվում»,- ասել է նա:
Այս հայտարարությունը հնչել է Լիբիայում տեղի ունեցող ներքին հակասությունների ֆոնի վրա: Իշխանության փոփոխությունից հետո Լիբիայում ծագել են և շարունակվում են հակամարտությունները տարբեր ընդդիմադիր խմբավորումների միջև: Բացի այդ, տեղի ցեղերն իրենց խնդիրները փորձում են լուծել զենքի օգնությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին բանակի միջամտությունից հետո դադարեցվեցին չորս օր շարունակվող կռիվները Զուարա քաղաքի խմբավորումների և Էլ-Ջումեիլ, Ռեգդալին գյուղերի ցեղերի միջև: Բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:








































