Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց պետական դավաճանության մեջ մեղադրվողների գործով դատական վիճաբանությունների փուլը:
Ինչպես արդեն հայտնել ենք, նախորդ դատական նիստի ժամանակ իրենց ռեպլիկներ էին հրապարակել բոլոր ամբաստանյալները, բացի ամբաստանյալ Կարեն Պետրոսյանից, որն իր ռեպլիկը հրապարակեց այսօր:
Ամբաստանյալը դատարանում նշեց հետևյալը. «Նախաքննական մարմինը իր առջև խնդիր չէր դրել բացահայտել քրեական գործի մանրամասները և հարկ չի համարել համոզիչ փաստարկներ ներառել այստեղ: Մի կողմից էլ շատ լավ հասկանում եմ, որ մարդիկ օգտագործել են այն ամենը, ինչ ունեին և նույնիսկ այն, ինչ չունեին, օրինակ՝ հոգեբանական ճնշման տակ ասված բառեր ու բառակապակցություններ, որոնք միացնելով իրար՝ փորձել են ստանալ մեղադրական հիմք»: Ամբաստանյալի խոսքով` քննիչի «աջակցությամբ» էր դավաճան բառը դուրս եկել իր բերանից, իսկ Կարեն Մեհրաբյանը իրեն երբևէ չի ասել որևէ արտահայտություն, որից կարող էր ենթադրել դավաճանության մասին: «Ցուցմունքը շինծու է, հավատացնում եմ ձեզ: Ես առաջին անգամ էի հարցաքննվում իրավական մարմինների կողմից և չգիտեի՝ ինչ ճնշումներ են կիրառում իրենց ուզածին հասնելու համար», – նշեց ամբաստանյալը:
Կարեն Պետրոսյանը այսօր դատարանում հրաժարվեց իր դատապաշտպան Հարություն Բաղդասարյանից հետևյալ պատճառով. «Իմ սխալն այն է, որ չեմ կարդացել ցուցմունքը և հետո ստորագրել, ես այն տվել եմ իմ դատապաշտպանին, որը այդ պահին նոր ընգրկվելով գործում և անտեղյակ լինելով իմ դիրքորոշումներին ու գործի մանրամասներին՝ ասել էր, որ ցուցմունքը դրական է»: Ամբաստանյալը դատարանում հիշեցրեց քննիչի հայտնի արտահայտությունը, թե` մի քանի հոգի պետք է նստեն, որ մնացածը հասկանան: Որոշեք ինքներդ՝ բարոյակա՞ն է դա, թե՞ ոչ:
Մեհրաբյանի ասածները ես լուրջ չեմ ընդունել, մի՞թե դրա համար պետք է այսօր պատիժ կրեմ»:
Ամբաստանյալի ռեպլիկի հրապարակմանը հաջորդեցին գործով բոլոր ամբաստանյալների վերջին խոսքերը, որոնցում բոլորն էր դատարանին խնդրում էին ճիշտ որոշում կայացնել և հավատացնում էին, որ անմեղ են:
Մասնավորապես, գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը իր վերջին խոսքում նշեց հետևյալը. «Մեղադրող կողմը ջանք չի խնայել, որպեսզի այս պահին մեզ ազգի թշնամի ցույց տա՝ առանց մտածելու, թե քանի անձի ճակատագիր է կործանում: Ես հավատացնում եմ ձեզ, որ ինձ ոչ մի կերպ չեք կարողանալու հետ պահել, ես այնքան հիմար չեմ, որ դառնամ որոշ մարդկանց կեղտոտ խաղերի զոհը: Ես այսօր մի գերնպատակ ունեմ, որ այն մարդիկ, որոնց պատճառով այսօր մենք ենք ամբաստանյալի աթոռին, պատասխան տան իրենց արածների համար, նաև նրանք, ովքեր անձնական շահերի համար, աղավաղելով իրականությունը խայտառակեցին և՛ մեզ, և՛ մեր ազգը: Ես ամենը բացահայտելու եմ՝ անկախ նրանից, թե դրա համար ինչքան ժամանակ և ջանք կպահանջվի: Ես ոչ մի կասկած չունեմ, որ սա սարքած գործ է: Բազմաթիվ փաստեր կան, որոնք բացակայում են այս գործում, բազմաթիվ ապացույցներ, որոնք ուղղակի դատախազի ձեռքի տակ են, և նա լավ հասկանում է, որ դրանց առկայության դեպքում դատ չի շահի: Այս պահին մեր ճակատագրերը նրան այնքան հետաքրքիր չեն, որքան գործը շահելու նպատակը: Հարգելի դատարան, ձեզանից խնդրում եմ լինել ողջամիտ, դատարան հրավիրել այն բոլոր մարդկանց, որոնց համար արդեն իսկ միջնորդություն եմ ներկայացրել և վարել ճիշտ դատաքննություն»,- եզրափակեց վերջին խոսքը գլխավոր մեղադրյալը:
Նրա օժանդակելու մեջ մեղադրդվողներից տպավորիչ էր ամբաստանյալ Ռոման Մաթևոսյանի վերջին խոսքը, որին, ի դեպ, դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդել է դատապարտել 12 տարվա ազատազրկման. «Ես ընդամենը, Թուրքիայում ծանոթանալով մի հայի, որը օգնության կարիք ուներ, օգնեցի աշխատանքով ապահովվել, և դա Կարենն էր, որպեսզի հետո չասեն, թե օտար երկրում մի կեղտոտ հայի հանդիպեցի: Ես ոչ իմացել եմ՝ նա բարեգործություն է անում, ոչ վատ գործ, նրան տեսել եմ, որ սովորական աշխատում է, ես 12 ժամ ոտքի վրա եմ եղել, աշխատել եմ խանութում: Ես չեմ ուզում դատարանում հիմա ինչ-որ բաներ պատմել ինձանից ու արդարանալ. Թուրքիայում գտնվելու ամբողջ ընթացքում ես Ցեղասպանության թեմայով հաճախ եմ վեճեր ունեցել, հագել եմ միշտ այս վերնաշապիկը (ամբաստանայլը ցույց տվեց իր հագին գտնվող Հայաստանի գերբով և «Արմենիա» գրված վերնաշապիկը), ինձ միշտ զգուշացնում էին, որ կհանդիպեմ վատ մարդկանց, նացիոնալիստների և այլն, բայց ինձ համար նշանակություն չի ունեցել՝ ինձ այսօր դեպորտ կանեն, թե վաղը,- ասաց ամբաստանյալը և խորը շունչ քաշելով՝ շարունակեց։- Այս ամենը մի կողմ դրած՝ պարոն դատավոր, ես ընդհանրապես չեմ պատկերացրել, որ կարող էր այսպիսի բան լինել, որ ինձ մեղադրեն նման հանցագործության մեջ: Ես նույնիսկ չգիտեմ՝ ունեմ 10 տարվա կյանք առջևում, թե ոչ, դատախազն ինձ համար 12 տարի է պահանջում: 10 տարի իմ ծնողն իմ ետևից եկել է հիվանդանոցներ, չգիտեմ՝ քանի հազար դեղ եմ ես խմել, շատ մեծ փորձություններով եմ անցել և հիմա էլ սա. նույն համոզմունքն ուներ քննիչը, որ ես մեղավոր չեմ, այդ ամենը նա անգամ ինձ է ասել, և ես հաստատ գիտեմ, որ նույն համոզմունքն ունի դատախազը: Եթե ես իմանայի, որ Սայիդը նման հանցագործ է, ես կնկարվեի՞ նրա հետ ու կգցեի՞ «Օդնոկլասնիկ», որ ամբողջ աշխարհը տեսնի, հա՞: Նախաքննության ընթացքում ես նրա վերաբերյալ ինչ գիտեի՝ ասացի, ես մեղք չունեմ, որ չեմ իմացել՝ նա հանցագործություններ է արել, թե չի արել, ես մեղավոր չեմ դրանում: Հարգելի դատարան, ունեմ մի մայր, ուրիշ ոչինչ չունեմ այս աշխարհում, գոնե այնքան, ինչքան ինձ մնացել է, գոնե ճիշտ դատավարություն արեք, չգիտեմ՝ ինչ ասեմ, ես ոչ մի բան չեմ արել, ոչ էլ ուրիշ հանցանքներ ունեմ գործած, որ մտածեմ՝ դրա համար եմ պատժվում: Միշտ խելոք, գլուխս կախ աշխատել եմ՝ ինչքան կարողացել եմ: Ես անմեղ եմ, խնդրում եմ՝ վարեք ճիշտ դատավարություն»,- եզրափակեց 27-ամյա Ռոման Մաթևոսյանը:
Ամբաստանյալներից Աշոտ Չտրկյանը, կրկին Աստվածաշունչը ձեռքին, իր վերջին խոսքում հիշեցրեց, որ խնդրում է աշխարհում հնարավոր ցանկացած մեթոդով փորձաքննություն անցկացնել, ստի դետեկտոր կիրառել հասկանալու համար՝ խաբո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ դատախազին ամբաստանյալը հիշեցրեց, որ բոլոր մեղավորները, ի վերջո, պատժվելու են: Եղբայրներ Ավետիքյանները ևս նշեցին, որ եթե իրենք տեղյակ լինեին Կարենի գործողությունների մասին, հաստատապես այս գործը դատարան չէր էլ հասնի, իրենք անձամբ նրան կպատժեին, իսկ եղբայրներից Արթուր Ավետիքյանը խնդրեց դատարանին այսքանից հետո պատիժ նշանակելու դեպքում գոնե իր հանդեպ նշանակել եղբոր պատիժը, քանի որ եղբայրն ամուսնացած է և երեխա ունի:
Հիշեցնենք, որ դատախազ Ամիրզադյանն արդեն կարդացել է մեղադրական ճառը և միջնորդել է դատարանին գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանին դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով, Ռոմիկ Մաթևոսյանին` 12 տարի, Աշոտ Չտրկյանին` 11 տարի, Կարեն Պետրոսյանին` 2 տարի ժամկետով, խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին վերացնել և նրան կալանավորել դատարանի դահլիճից, Դավիթ Ավետիքյանին` 2 տարի ժամկետով և կրկին կալանավորել դատարանի դահլիճից:
Դատվորը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհարապարակվի վաղը:







































