Տրիպոլիի ռազմական դատարանը սկսել է Ուկրաինայի քաղաքացիների գործի քննությունը, որոնք սեպտեմբերին ձերբակալվել էին Մուամար Քադաֆիի զորքերի հետ համագործակցելու համար։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ին:
«Մեր քաղաքացիներին Քադաֆիի նախկին վարչակարգի համար տեխնիկա վերանորոգելու մեղադրանք է ներկայացվել»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ դատը սկսվել է չորեքշաբթի: Նրանցից ոչ ոք չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: Նրանց գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին:
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ուժերն անցյալ տարվա սեպտեմբերին ձերբակալել էին լիբիական նավթային օբյեկտներում աշխատող 22 ուկրաինացի մասնագետների: Նրանք մեղադրվում են Քադաֆիի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Ավելի քան 6 ամիս նրանք գտնվում են տնային կալանքի տակ:








































