ՀՀ կառավարությունը «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը թույլատրել է երկարաձգել մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը։ Ընկերության գործունեությունն ունի բնապահպանական կարևոր նշանակություն։ Այն վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ արտադրական թափոնը` հեղուկ թռչնաղբը և ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիա։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Դպրոցաշինության ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գույքը` տրանսպորտային միջոցները, մեքենաներն ու սարքավորումները, օտարել դասական աճուրդով։ Նույն սկզբունքով են օտարվելու նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի N2/1 հասցեում գտնվող օժանդակ շինությունները։ Որոշումների նպատակն է ավելացնել պետբյուջեի մուտքերը։
Կառավարության որոշմամբ Երևանի Նուբարաշենի խճուղու N7 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության զորքերի նախկին զորամասի տարածքը և շենք-շինությունները հետ են վերցվել և ամրացվել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նախարարության քրեակատարողական ծառայությանը հանձնելու նպատակով։
ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կլուծվի 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց ապահովագրական ստաժը սահմանելու հարցը։ Փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ, անձնագիր և անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Այդ խնդրով զբաղվում է կառավարության որոշմամբ ստեղծված ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովը։









































