Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է զանգահարել Երևանի մի քաղաքացի, ով դժգոհել է, որ Մալաթիայի շուկայից տնական 1 ձուն գնել է 100 դրամով: Մինչդեռ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վստահեցնում էր, թե Զատիկից առաջ ձվի գինը չի բարձրանա:
«Ինչո՞ւ է շուկայում ձուն 100 դրամով վաճառվում, մեր այս հարցին ՏՄՊՊՀ լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Սահակյանն ասաց. «Մենք իրավասու ենք գերիշխողներին վերահսկելու: Եթե ինչ-որ գյուղացի ձուն վաճառի 100-150 դրամով, ապա հանձնաժողովին օրենքով որևէ լծակ տրված չէ այդ գյուղացուն որևէ բան ասելու»:
Իսկ ի՞նչ երաշխիք, որ առաջիկայում ոչ տնական ձուն ևս չի թանկանա: «Ամեն ինչ անում ենք, որ չթանկանա: Խիստ վերահսկողություն է սահմանվել, ամենօրյա դիտանցում և մոնիթորինգ է կատարվում: Տնտեսվարողներին ևս զգուշացրել ենք, որպեսզի զերծ մնան անհիմն թանկացումներից, հակառակ դեպքում պատիժը կլինի անխուսափելի»,- վստահեցրել է ՏՄՊՊՀ ներկայացուցիչը:









































