Չինաստանից ներկրված թվով 249 ավտոբուսներից ներքաղաքային երթուղիներում ներկայում օրական շահագործվում է ընդամենը 80-83–ը։ «Առաջին լրատվական»-ի հարցադրմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ «մնացած ավտոբուսների շահագործումը կազմակերպելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»:
Քաղաքապետարանից վստահեցրեցին, որ ավտոբուսների շահագործման հետ կապված՝ առայժմ խնդիրներ չեն եղել: Ընդ որում, ըստ քաղաքապետարանի հավաստիացումների, չինական ավտոբուսները կահավորված են «Եվրո-3» բնապահպանական անվտանգության ստանդարտի դիզելային շարժիչներով, և վնասակար արտանետումների տեսակետից՝ առավելություններ ունեն՝ «Բոգդան» ավտոբուսների համեմատությամբ։
Չինական ավտոբուսների ձեռք բերման համար ընդհանուր գումարը կազմել է մոտ 4.5 մլրդ դրամ, մեկ ավտոբուսի գինը (ներառյալ՝ տեղափոխման ծախսերը)՝ մոտ 46 հազ. ԱՄՆ դոլար է։ Նախատեսվում է, որ ավտոբուսների հաջորդ խմբաքանակները ձեռք կբերվեն մասնավոր կազմակերպությունների կողմից։
Թե որքա՞ն վառելիք են ծախսում «Հայեր-բաս»-ի ավտոբուսները, քաղաքապետարանի մասնագետները դժվարացան պատասխանել՝ նշելով միայն, որ չինական ավտոբուսների վառելիքի ծախսը Երևան քաղաքի պայմաններում ճշգրտելու ուղղությամբ դեռևս կատարվում են ուսումնասիրություններ։
Նշենք, որ չինական «Հայեր-բաս» ընկերությունն աշխարհում հանրաճանաչություն չի վայելում: Որոշ գնահատականներով՝ ընկերության արտադրանքն էականորեն զիջում է եվրոպացի իր «եղբայրներին»:









































