Հռոմի դատախազությունը Վատիկանին մեղադրել է երիտասարդ աղջկա հափշտակության մեջ: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:
Խոսքը 1983թ. անհետացած վատիկանցի ծառայողի դստեր` 15-ամյա Էմանուելա Օռլանդիի մասին է: Հռոմի դատախազության կարծիքով` Վատիկանում կան մարդիկ, ովքեր տեղյակ են աղջկա անհետացման մասին, սակայն հրաժարվում են այս մասին խոսել:
Օռլանդիին գողացել էին անհայտ անձինք: Ենթադրվում է, որ նրան սպանել են, սակայն աղջկա մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել: Վարկածներից մեկի համաձայն` աղջկան սպանել էին հորը նախազգուշացնելու համար: Իրբ թե Օռլանդիի հայրը հայտնաբերել էր փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Վատիկանի բանկը առնչություններ ունի հանցագործ կազմակերպությունների հետ:
Ենթադրաբար Էմանուելային սպանել են հորը լռեցնելու համար:
Սպանության պատասխանատվությունը դրվել էր Էնրիկո դե Պեդիսի` «Մայլանա» հռոմեական հանցավոր խմբավորման ղեկավարի վրա: Նա սպանվել էր 1990թ. տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: 2008թ. աղջկա սպանության մեջ կասկածեցին Վատիկանի բանկի նախկին ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Մարցինկուսին, ով այդ ժամանակ արդեն ողջ չէր:
Վատիկանի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենք ժամանակին ոստիկանությանը տրամադրել են իրենց մոտ գտնվող ամբողջ տեղեկությունը, որը վերաբերում էր աղջկա հափշտակությանը: Սուրբ գահը հերքել է նաև աղջկա սպանության հետ Փոլ Մարցինկուսի կապը:








































