Լիբիայի Զուարա քաղաքի մերձակայքում 2 օրում միջէթնիկական բախումների զոհ է դարձել 22, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մայրաքաղաբից 110 կմ հարավ բախումներ են տեղի ունենում բերբերների զինված խմբավորումների և արաբ աշխարհազորայինների միջև:
Կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում են հակամարտությունը դադարեցնելու համար, բայց խոստովանում են, որ առայժմ իըրենց գործողությունները հաջողությամբ չեն պսակվում:
Հաշվի առնելով քաղաքի սահմանամերձ լինելու հանգամանքը, հնարավոր է, որ հակամարտության պատճառը ազդեցության ոլորտների վերաբաշխումը և որպես հետևանք՝ թունիս-լիբիական սահմանի վրա երթևեկության վերահսկողությունն է:
Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո սա Լիբիայում միջցեղաին բախումների առաջին դեպքը չէ: Մինչ այժմ Սաբհի շրջանում չեն դադարում կարճ փոխհրաձգությունները տուբու ցեղի զինյալների և արաբ ապստամբների միջև: Լարված իրավիճակ է պահպանվում նաև Եգիպտոսի և Սուդանի սահմանների վրա:
Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել Լիբիայի կառավարությանը ճնշել ապստամբությունները, սակայն Տրիպոլին խոստովանել է, որ ի վիճակի չէ կայունացնել իրավիճակը: Փորձագետները չեն բացառում, որ երկիրը կարող է բաժանվել մի քանի զինված խմբավորումների միջև:









































