Առաջիկա խորհրդարանի ընտրությանը Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը հակակշիռների առավելագույնս երաշխավորված մեխանիզմների ձևավորումն է, որպեսզի իրադարձությունների որևէ զարգացման պարագայում խորհրդարանը իր համար լինի միարժեք կառավարելի և անակնկալներ չմատուցի նախագահի 2013 թվականի ընտրությունից առաջ:
ՀՀԿ համար բացարձակ մեծամասնություն ապահովելու հավակնությունը, թերևս, պայմանավորվում է հենց դրանով, որովհետև ինչքան էլ Սերժ Սարգսյանը վստահի Բարգավաճ Հայաստանին, կամ որքան էլ վստահ լինի, որ այդ կուսակցությունն իր բռի մեջ է, և որքան էլ որ նույն վստահությունն ունենա Ռոբերտ Քոչարյանի հարցում, միևնույն է` նա չի կարող անվերապահ հավատալ նրանց: Սերժ Սարգսյանն, անկասկած, լավ է պատկերացնում, որ հնարավորության դեպքում թե՛ Բարգավաճ Հայաստանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը կարող են բարեկամանալ, ասենք, Հայ ազգային կոնգրեսի հետ, եթե տեսնեն այդ բարեկամության շնորհիվ իշխանության գալու հնարավորություն: Առայժմ չեն տեսնում, որովհետև առայժմ նկատելի է, որ այդ բարեկամությունից ավելի շատ Կոնգրեսն է շահելու: Բայց դժվար է ասել, թե ինչ կլինի մի քանի ամիս հետո, ասենք` 2012 թվականի աշնանը կամ ձմռանը: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը պետք է բացարձակ մեծամասնություն ապահովի ՀՀԿ համար, որ նոր միայն հետո կարողանա հանգիստ նստել և Բարգավաճ Հայաստանին ընտրության տարբերակներ առաջարկել հետխորհրդարանական իշխանության բաժանման գործընթացում:
Առավել քան ավելորդ է խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանի համար վստահելի չի կարող լինել Հայ ազգային կոնգրեսը: Բանն այն է, որ Կոնգրեսը, ըստ էության, հայտնվել է մի իրավիճակում, երբ այդ կառույցի ներսում ամեն օր հասունանում է ներքին լուրջ վերանայումների պահանջարկը, որ գալիս է ներքևից: Չի բացառվում, որ խորհրդարանական ընտրություններից հետո այդ գործընթացը Կոնգրեսում է՛լ ավելի մեծ թափ ստանա այն բանից հետո, երբ Կոնգրեսը կբավարարվի մի քանի մանդատով և կհայտարարի հերթական «շախմատային պարտիայի» մասին: Արդեն այժմ այդ կառույցի, այսպես ասած, նոր սերնդի շրջանակներում կան նախընտրական մարտավարության, մեթոդաբանության հետ կապված դժգոհություններ: Հազիվ թե խորհրդարանի հերթական ընտրությունը Կոնգրեսի համար այնպիսի արդյունք ապահովի, որը ոչ թե կխթանի, այլ կնվազեցնի այդ դժգոհությունները: Հետևաբար, Սերժ Սարգսյանը չի կարող իրեն թույլ տալ Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսի այնպիսի ներկայություն, որը կարող է որևէ էական բան որոշել, ՀՀԿ-ից բացի, որևէ այլ ուժի հետ համագործակցության կոնֆիգուրացիայի պարագայում:
Սերժ Սարգսյանի համար առավել քան անվստահելի ուժ է ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն ընդհանրապես որևէ մեկի, անգամ ՀՅԴ-ականների համար վստահելի ուժ չէ: Ավելին` Դաշնակցությունը ամենաանվստահելին է հենց ազնիվ ու նվիրյալ դաշնակցականների համար, որոնք ամեն համապետական ընտրության համառ պայքարում են կուսակցության ամեն մի ձայնի համար, իսկ կուսակցական բոսերը վերջում այդ ձայնը դնում են իշխանական խաղասեղանին և հարմար տարբերակով փոխանակում՝ ստանալով իշխանական համապատասխան քվոտաներ և տարածքներ բիզնես-տիրույթում: Սերժ Սարգսյանը շատ լավ է ճանաչում Դաշնակցությանը, նաև ազգային անվտանգության նախարար եղած տարիների աշխատանքի բերումով, ու թերևս անկասկած է, որ այդ ուժը շարքային ազնիվ ու նվիրյալ դաշնակցականներից ավելի, թերևս միայն Սերժ Սարգսյանի համար է անվստահելի և անկանխատեսելի: Հետևաբար, Դաշնակցությանն էլ, եթե Սարգսյանը այդուհանդերձ համաձայնի օգնել խորհրդարան անցնելու հարցում, թերևս չի թողնի որևէ կոնֆիգուրացիայով ծանրակշիռ դերակատարում ունենալու հնարավորություն, ապահովելով ընդամենը սիմվոլիկ ներկայություն ԱԺ-ում:
Ժառանգության և Ազատ դեմոկրատների մասով էլ Սերժ Սարգսյանը չունի առանձնապես վստահ լինելու հիմքեր, և անվստահության առաջին վկայությունն այն է, որ նա փորձել է այդ կուսակցությունների համատեղ ցուցակ ներդնել մարդիկ, որոնք անհրաժեշտ պահին անպայմանորեն լոյալ կգտնվեն իր հանդեպ: Այդ իմաստով Սարգսյանն ակնհայտորեն փորձել է ապահովագրել իրեն Ժառանգության և Ազատ դեմոկրատների կորիզի, այսպես ասած, անկախ գործողությունների հետևանքից:
Այդ ամենով հանդերձ` հարց է առաջանում, իսկ ՀՀԿ-ին վստահո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանը: Որ ՀՀԿ-ն այսօր միատարր ուժ չէ և վերածվել է միմյանց խանդող, նախանձող, միմյանց հանդեպ անգամ ատելությամբ լցված տարաբնույթ խմբերի հավաքատեղիի` ակնհայտ է բոլորի համար: Եվ թերևս ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ լավ չի կառավարում այդ ամբողջությունը և ստիպված է անընդհատ գնալ տարաբնույթ փոխզիջումների, ինչի շնորհիվ էլ նախագահության չորս տարվա ընթացքում Սարգսյանն այդպես էլ աչքի չընկավ նախագահական վարքի կոնցեպտուալությամբ և առավելապես ապավինեց ոչինչ չասող գեղեցկակազմ ելույթներին:
Նորմալ երկրներում, այդ ամենն օրակարգից դուրս հարցեր են, որովհետև նորմալ երկրներում քաղաքական սուբյեկտները որևէ երաշխիքներ փնտրում են հանրության շրջանում և աշխատում, որոնողական աշխատանքը կազմակերպում են այդ վեկտորով: Բայց Հայաստանում դա նույնիսկ քննարկելու հարց չէ: Հայաստանում հասարակությունն առավելապես մանիպուլյացիաների օբյեկտ է, և թեև զգալի խմբեր հասկացել են այդ իրողությունն ու այսօր գործնական ու հաջող պայքար են մղում դրա դեմ, այնուհանդերձ այդ ամենը դեռ հեռու է ցանկալի մակարդակից և գրեթե չունի ընթացիկ գործընթացի վրա էապես ազդելու շանս: Այդպիսի պայմաններում, Սերժ Սարգսյանի միակ երաշխիքը մնում է արտաքին աջակցությունը: Այսինքն` փաստացի, Հայաստանում չի կարող ձևավորվել խորհրդարանական մի որևէ կոնֆիգուրացիա, որը չպարունակի Սերժ Սարգսյանի դեմ շրջվելու հնարավորություն, պոտենցիալ, վտանգ: Եվ թերևս դա շատ լավ են հասկացել արտաքին աջակցության կենտրոնները, ինչով էլ գուցե պայմանավորվում է նրանց աննախադեպ հետաքրքրությունը ընտրական գործընթացի նկատմամբ, քանի որ նրանք գիտակցում են, որ ընթացիկ գործընթացում Սերժ Սարգսյանն ամենից շատ ունի իրենց կարիքն ու չունի գրեթե ոչ մի այլ ելք:
Այստեղ, իհարկե, բարեբախտությունն այն է, որ աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացների տրամաբանությունը ներդաշնակել է այդ կենտրոնների և Հայաստանի Հանրապետության շահը, այլապես պետական ողբերգությունն, իհարկե, անխուսափելի է, երբ տեղի է ունենում համապետական ընտրություն, որի վրա ամենամեծ ազդեցություն ունեն արտաքին կենտրոնները, ոչ թե ներքին գործընթացների մասնակից սուբյեկտները: Թեև շահերի ներդաշնակումը տվյալ դեպքում շատ թույլ մխիթարություն է, որովհետև ընտրությամբ ոչինչ ոչ միայն չի ավարտվում, այլ նաև նոր է միայն սկսվում, և այստեղ Հայաստանը բախվելու է այդ շահը սպասարկելու խնդրին, որը այն որակով, ինչով Հայաստանը գնում է դեպի խորհրդարանի ընտրություն, պետության համար գրեթե անլուծելի է դարձնում այդ խնդիրը:






































