Արևմտաաֆրիկյան երկրները ապրիլի 2-ից տնեսական պատժամիջոցներ են կիրառում Մալիի նկատմամբ` հեղաշրջման հետևանքով իշխանության գլուխ եկած խունտայից պահանջելով վայր դնել լիազորությունները:
Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, այս մասին հայտարարել է Կոտ դ՝ Իվուարի նախագահ Ալասան Ուատտարան Արևմտաաֆրիկյան տնտեսական ընկերակցության անունից: 15 երկրների առաջնորդները, որոնք մտնում են ընկերակցության մեջ, փակել են իրենց սահմանները Մալիի հետ առևտրի համար ու սառեցրել են Մալիի հաշիվները Դաքարում Արևմտյան Աֆրիկայի երկրների Կենտրոնական բանկում:
Բացի այդ`Արևմտաաֆրիկյան տնտեսական ընկերակցության զինված ուժերը բերվել են մարտական պատրաստվածության: Մեկ շաբաթվա ընթացքում Արևմտյան Աֆրիկայի երկրները պետք է որոշեն`որտեղ են դրանք տեղակայվելու:
Ուատտարի խոսքով` դիվանագիտական, տնտեսական ու այլ պատժամիջոցները պետք է կիրառվեն զինված խունտայի դեմ այնքան ժամանակ, մինչև երկրում չհաստատվի սահմանադրական կարգը:
Սպասվում է, որ պատժամիջոցներն ուժեղ կհարվածեն նոր իշխանությանը, քանի որ երկիրը կախված է վառելիքի ու սննդի ներկրումից: Բացի այդ՝ Մալին գտնվում է մեկ արժութային համակարգի մեջ ու չի կարող գոյատևել առանց մատչում ունենալու Արևմտյան Աֆրիկայի երկրների ԿԲ-ին: Ի վերջո՝ արժութային պաշարները երկրում արագ կնվազեն ու զինվորական խունտան չի կարող վճարել քաղծառայողներին:
Զինվորական խունտան իշխանության է եկել Մալիում մարտի 22-ին հեղաշրջման հետևանքով` գահընկեց անելով նախագահ Ամադու Տուրեին:








































