Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խոստացել է ստուգել այն տեղեկությունը, թե Բրյուսելում Սիրիայի դեսպանատան աշխատակիցները վախեցրել են սիրիացի ընդդիմադիրներին: Այս մասին հաղորդում է EUobserver ինտերներտ-ռեսուրսը:
Ըստ այդ տեղեկությունների՝ առնվազն երեք սիրիացի այլախոհներ պնդում են, որ դիվանագետներն իրենց սպառնացել են:
Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները փորձել են ստիպել ընդդիմադիրներին չմասնակցել Բրյուսելում Սիրիայի իշխանությունների դեմ տեղի ունեցած բողոքի ակցիային՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել նրանց հարազատների հետ:
Հիշեցնենք. Սիրիայում ավելի քան մեկ տարի ընդդիմության և իշխանությունների միջև շարունակվող մարտական գործողությունների հետևանքով, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 9000 մարդ:









































