Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել մերժել ԿԺԴՀ-ի` հրթիռավոր արբանյակի արձակման ժամանակ որպես դիտորդ փորձագետներ ուղարկելու հրավերը: Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամա Ֆուձիմուրայի խոսքով` ճապոնացի փորձագետների ներկայությունը համարվել է «ոչ տեղին»:
Ինչպես նշում է RIA Novosti-ն, Ֆուձիմուրան հավելել է, որ Տոկիոն Փխենյանից պահանջել է հրաժարվել արբանյակի գործարկումից, ինչպես նաև կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել այդ երկիր այցելելուց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճապոնական աերոտիեզերական գործակալությունը ԿԺԴՀ-ից ստացել է պաշտոնական հրավեր` մասնակցելու հյուսիսկորեական արբանյակի արձակմանը:
ԿԺԴՀ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հրթիռակիր արբանյակի գործարկումը նախատեսված է ապրիլի 12-16-ը:
Իրենց հերթին, Հարավային Կորեան և Ճապոնիան սպառնացել են, որ կխփեն այն, եթե արբանյակն անցնի իրենց երկրների տարածքով:










































