Վերջապես Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարարը սկսել են բանակի կադրային խնդիրներով զբաղվել, ինչը վաղուց պետք է անեին. երեկ` մարտի 2-ին Սերժ Սարգսյանի հրամանով գնդապետ Արմեն Սահակյանը վերջապես ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, նա այդ պաշտոնում նշանակվելուց առաջ երաշխավորվել էր ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմից, և 2011-ի դեկտեմբերի 23-ին Արմեն Սահակյանը նշանակվել էր ՀՀ ՌՈ պետ: Նրա հետ միասին աշխատանքից ազատվել է նաև Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը, վերջինիս տեղակալ` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը: Պատճառը ժամկետային զինծառայող Արսեն Գրիգորյանի ծեծն է եղել. մամուլում տեղեկություններ եղան, որ նշյալ անձինք ՌՈ-ում ծեծել էին Արսեն Գրիգորյանին, հետո այդպես տեղափոխել զորամաս, արձակուրդ ձևակերպել ու ուղարկել տուն: Բայց դա, ըստ մեր տեղեկությունների, միակ պատճառը չի եղել: Որոշ զինծառայողներ ծառայությունը զորամասի հրամանատարի և ՌՈ պետի իմացությամբ ու թողտվությամբ տանն են անցկացրել, կամ լինելով Երևանի բնակիչ` ծառայել են մայրաքաղաքում: Եվ դա այն դեպքում, երբ մենք զորակոչն ապահովելու խնդիր ունենք: Եթե այս տեղեկատվությունը համադրենք ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության հետ, ապա նախարարն իսկապես լուրջ խախտումներ է արձանագրել իր ղեկավարած համակարգում:
Համաձայն տեղեկատվության` «զինված ուժերում պարբերաբար անցկացվում են անակնկալ ստուգումներ, որոնց ընթացքում երևան են գալիս խախտումներ և թերացումներ: Նման ստուգումներից մեկի արդյունքում արձանագրվել էր, որ ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկի մի քանի զինծառայողներ պարբերաբար ինքնակամ լքել են զորամասը: Ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասի հրամանատարն ու պատասխանատու բարձրաստիճան սպաներ հրավիրվել են Պաշտպանության նախարարություն: Նախարար Սեյրան Օհանյանը հրահանգել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայողներին տեղափոխել այլ զորամասեր` զինվորական հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, իսկ զորամասի հրամանատարը և մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ԶՈւ բոլոր զորամասերը գտնվում են Պաշտպանության նախարարության անմիջական հսկողության ներքո, և նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն ու կպատժվեն` օրենքի ամբողջ խստությամբ»…
Բացի դա, պաշտոնանկ է արվել նաև Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը և այդ պաշտոնում նշանակվել է Ջաբրայիլի հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Միքայելյանին հեռացնելու պատճառը թույլ կարգապահությունն է եղել: Նախագահի երեկվա հրամանագրով աշխատանքից ազատվել է նաև Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գարիկ Գաբրիելյանը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանը…
Այս պաշտոնանկությունները ցույց տվեցին, որ Յուրի Խաչատուրովի` յուրայիններին հետ բերելու, եղած թիմն էլ ամրապնդելու ծրագրերը ձախողվում են: Այն սպաները, որոնք ժամանակին ինչ-ինչ պատճառներով հեռացվել էին աշխատանքից կամ պատժվել, դատապարտվել, Խաչատուրովը նրանց հետ բերելու խոստումներ էր տվել: Մինչև վերջերս նրան հաջողվել էր իր որդուն և նրա մի քանի մտերիմներին կրկին վերադարձնել բանակ, որոնց ղեկավարած զորամասում բազմաթիվ ծանր, միջին դեպքեր և ֆինանսական չարաշահումներ էին եղել:









































