Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի (շրջան) դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի նկատմամբ:
Ցյուրիխի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Շվեյցարիայի ԱԳՆ-ի հետ խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ Էգեմեն Բաղըշն օգտվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից, երբ արել է այդ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած Էգեմեն Բաղըշը հունվարի 28-ին Ցյուրիխում հայտարարել էր. «Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի ընդունած օրենքը որևէ նշանակություն չի կարող ունենալ։ Մենք հիմա Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն չեն։ Դե թող գան ու ձերբակալեն ինձ»:
Այս կապակցությամբ Շվեյցարիայում նախնական հետաքննություն էր սկսվել նրա նկատմամբ, որն ավարտվել էր մարտի 24-ին: 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվում է նաև Հայոց ցեղասպանության հերքման առնչությամբ: Գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը դիմել էր Շվեյցարիայի ԱԳՆ-ին՝ նրա դեմ դատական հայց սկսելու համար:
Այս կապակցությամբ Բաղըշը հայտարարել էր. «Ես չեմ ճանաչում որևէ ուժի, որը կարողանա կալանավորել Թուրքիայի Հանրապետության որևէ նախարարի: Մենք Թուրքիան ենք և այդ հարցով հանգիստ ենք»:









































