Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված «կանաչների» ներկայացուցիչ Եվա Ժոլին դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցի սրտաբանական բաժնից, որտեղ նա հայտնվել էր մեկ օր առաջ՝ աստիճանից վայր ընկնելու հետևանքով: Այս մասին հաղորդում է France Press–ը:
Գործակալությունն ավելի վաղ հայտնում էր, որ Ժոլիի դեմքին ընկնելու հետևանքով մի քանի կապտուկ է առաջացել։
Ըստ բժիշկների հետազոտության արդյունքների՝ Ժոլիի մոտ ոչ մի սրտանոթային հիվանդություն չի հայտնաբերվել, ուստի աստիճանից ընկնելու պատճառը կարող էր մեխանիկական լինել:
Լրատվամիջոցների տվյալներով՝ 68–ամյա Ժոլին ընկել է կինոթատրոնից դուրս գալիս: Ավելի վաղ «Եվրոպա-էկոլոգիա-«կանաչներ»» կուսակցությունը հայտնել էր, որ Ժոլիի նախընտրական գրաֆիկն ընկնելուց չպետք է տուժի, հետաձգվել են միայն երկուշաբթի օրվա հանդիպումները: Մինչ ընտրությունների առաջին փուլը` ապրիլի 22-ը, նախագահի թեկնածուն համախոհների հետ երեք խոշոր հանդիպումներ ունի:
Ժոլին, ըստ սոցհարցումների, ներկայումս ունի 2 % ձայներ, բայց նրա ընկնելը կարող էր մեծ ազդեցություն ունենալ բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերի վրա: Սահմանադրական խորհուրդը կարող էր ընտրությունների առաջին փուլը հետաձգել 35 օրով, եթե բնապահպանը առողջական վիճակից ելնելով՝ չկարողանար շարունակել նախընտրական քարոզարշավը:









































