Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հերքել է մի շարք արևմտյան լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթի անվտանգության կազմակերպումն իրականացնելու է իսրայելական «Մոսսադ»-ը.
«Ադրբեջանը օտար հատուկ ծառայությունների օգնության կարիքը չի զգում: Դա նաև վերաբերում է Իսրայելի հատուկ ծառայություններին: «Եվրատեսիլ 2012»-ի անվտանգությունն ապահովելու են Ադրբեջանի հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները:
Ադրբեջանն ունի «Եվրատեսիլ 2012»-ի լիարժեք անվտանգությունն ապահովելու բոլոր հնարավորությունները: «Մոսսադ»-ն Ադրբեջանում չունի որևէ գաղտնի կամ հատուկ խումբ: Ադրբեջանի բոլոր փոխհարաբերությունները թափանցիկ են և ուղղված չեն որևէ երկրի, առավել ևս՝ Իրանի դեմ»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչներն անցկացվելու են մայիսի 22-ին ու 24-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26-ին: Թվով 57-րդ «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Բաքվի Crystal Hall համալիրում, որը տեղավորում է 23,000 հադիսատես:









































