Ինչպես հայտնի է, մեր հեռավոր նախնիները հնարավորություն չեն ունեցել սնվելու օրը երեք անգամ: Այս փաստը դարձել է հետազոտության պատճառ, որն անցկացրել են Մարկ Մեթսոնն ու ԱՄՆ-ի ազգային ինստիտուտի գիտնականների խումբը: Ինչպես գրում է Kedem-ը, նրանք որոշել են պարզել, թե որքանով է քաղցած մնալը նպաստում առողջությանը:
Ոչ հաճախ սնվելու դիետան կիրառել են կենդանիների վրա: Ուսումնասիրությունը տևել է տասնամյակներ: Պարզվել է, որ ողջամիտ քաղցած մնալն ավելացնում է կյանքի տևողությունը:
Նաև պարզվել է, որ կարճաժամկետ քաղցած մնալու հետևանքով ուղեղի բջիջներն ընդունակ են միացնելու BDNF գենը, որը մեծ դեր ունի որոշ հիվանդությունների կանխման հարցում։
Ավելի վաղ բրիտանացի հետազոտողները հայտնել էին, որ քաղցած մնալը խթանում է աճի հորմոնների արտադրությունը:
Ինտենսիվ ֆիզիկական վարժությունները պարբերական քաղցածության հետ (12-24 ժամ) շատ ավելի մեծ ազդեցություն են տալիս, քան կանոնավոր սնվելը:
Ըստ գիտնականների՝ ֆիզիկական ակտիվությունն ու սննդի պակասը այն պայմաններն են, որոնց դեպքում մարդու մարմինը զարգացել է հազարավոր տարիների ընթացքում:







































