Ամերիկուհի հայտնի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Էնն Թայլերը 40 տարվա մեջ առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Գրողին տեսնելու բացառիկ հնարավորություն է ընձեռվել The Sunday Times թերթի կողմից Օքսֆորդում կազմակերպված գրական փառատոնի ժամանակ:
Փառատոնի անցկացման 10 տարիների ընթացքում դասախոսություններ են կարդացել և իրենց նոր ստեղծագործություններն են ներկայացրել բազմաթիվ հայտնի գրականագետներ և գրողներ, սակայն ոչ մի հանդիպում այնքան մեծ հետաքրքրություն չի ներկայացրել, որքան Թայլերի ելույթը: Նրան լսելու համար հավաքվել է ավելի քան 900 մարդ:
Հայտնի հեղինակի հետ հանդիպումն անցկացվել է հարցազրույցի ձևաչափով, որը վարել է Sunday Times-ի գլխավոր գրական հետազոտող Փիլեր Քեմփը:
Զրույցում Թայլերը պատմել է իր կարիերայի սկզբի, ստեղծագործական գործընթացի, աշխարհընկալման, պատմական ոգեշնչումների և ապագա ստեղծագործական ծրագրերի մասին:
Հանդիպումն իսկապես բացառիկ է եղել: Թայլերը մեկուսացած կյանք է վարում ԱՄՆ-ում (Բրիտանիա նա առաջին անգամ էր գալիս), իր գրքերի շնորհանդեսներ չի անցկացնում, ինքնագրեր չի բաժանում, լրագրողների հետ նախընտրում է չհանդիպել։ Թայլերի խոսքերով՝ գրականության մասին զրույցները սպանում են ստեղծագործելու կարողությունը:
Հանդիպմանը Թայլերը ներկայացրել է իր 19-րդ գիրքը՝ «Նորեկներ հրաժեշտը» (The Beginner’s Goodbye), և խոստովանել , որ սա վերջինը կլինի իր համար. «Ես արդեն 70 տարեկան եմ, բայց արվեստն ինձ համար մեծ հաճույք է, և ես կցանկանայի միշտ զգալ, որ ես հենց հիմա նոր գրքի մեջտեղերում եմ: Ուստի որոշել եմ սկսել հսկայական սագա գրել ՝ մեկ ընտանիքի մի քանի սերունդների մասին: Այդպիսի գիրքն արդեն իր ծավալի ուժով երբեք հնարավոր չի լինի անավարտ համարել»,- ասել է նա:
Միջոցառմանը Թայլերինն հանձնվել է պատվավոր մրցանակ Sunday Times-ի կողմից: Մրցանակի գոյության 25 տարիների ընթացքում դրանով պարգևատրվել են այնպիսի ականավոր գրական գործիչներ, ինչպիսիք են Էնթոնի Բերջեսը և Շեյմաս Հինին:







































