Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում «Սիրիայի բարեկամների խմբի» երկրորդ հանդիպման ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քանի դեռ Սիրիայում չի ստեղծվել ժողովրդավարական ռեժիմ, Թուրքիան շարունակելու է աջակցել սիրիացի ժողովրդին.
«Մենք կարևորում ենք Անանի պլանի իրագործումը Սիրիայում արյունահեղության դադարեցման և այդ երկրին մարդասիրական օգնության ցուցաբերման համար: Անանի պլանը կոնկրետ առաքելություն է՝ կապված Արաբական պետությունների լիգայի ծրագրի հետ:
Մենք Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչում ենք որպես լեգալ կառույց և նրա միջոցով օգնություն ենք ցուցաբերում այդ երկրին: ՄԱԿ ԱԽ-ը պետք է անհապաղ որոշում ընդունի Սիրիայի վերաբերյալ: Քանի դեռ Սիրիայում չի ստեղծվել ժողովրդավարական ռեժիմ, մենք շարունակելու ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին»:
Հիշեցնենք, որ ստամբուլյան վերոնշյալ հանդիպումից առաջ Դավութօղլուն հայտարարել էր, թե Անանի պլանը Ասադի ռեժիմի վերջին հնարավորությունն է:









































