Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ` երկրի նախագահ Պալ Շմիտին կոչ անելով հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Երկրի ղեկավարի հրաժարականի հարցը բարձրացել է, երբ պարզվել է, որ նախագահը գրագողություն է արել՝ 20 տարի առաջ իր դոկտորական աշխատանքը գրելիս։ Բուդապեշտի համալսարանի որոշմամբ նա զրկվել է գիտական կոչումից:
Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Շմիտը հայտարարել է, որ որևէ կապ չի տեսնում իր զբաղեցրած պաշտոնի և այն ժամանակվա աշխատանքի միջև, և հրաժարվել է հրաժարական տալ:
Ընդդիմությունը կարծում է, որ նախագահի կողմից արված կեղծիքը նրան թույլ չի տալիս նման բարձր պաշտոն զբաղեցնել:
Ինչպես հստակեցրել է համալսարանի ռեկտոր Թիվադար Թուլասսայը, Շմիտի դոկտորական ատենախոսությունը մասնագիտական և էթիկայի չափանիշներին չհամապատասխանող գիտական աշխատանք է: Շմիտին գիտական կոչումից զրկելուն կողմ է քվեարկել գիտական խորհրդի 33, դեմ`4 անդամ:
Շմիտը Հունգարիայի նախագահ է ընտրվել 2010 թվականին՝ երկրի խորհրդարանի կողմից: Նրա պաշտոնն արարողակարգային է` առանց մեծ լիազորությունների:









































