Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը կայացած նիստում գրանցեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված 8 կուսակցությունները և մեկ դաշինքը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցեն (այբբենական կարգով) «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Միավորված հայեր», «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Ինչպես նշում է ռադիոկայանը, ԿԸՀ-ն չի գրանցել Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանմամբ՝ նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, քանի որ չի հանդիսանում վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվող անձ:
Ավելի վաղ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չէր գրանցել Սուքիասյանի թեկնածությունը նաև մեծամասնական ընտրակարգով։ Խաչատուր Սուքիասյանը դատարանում բողոքարկում է այդ որոշումը։
ԿԸՀ–ն կիրակի օրը մերժել է նաև Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանի դիմումը, որտեղ նշված է, որ դեռ նախընտրական քարոզչությունը չսկսված՝ Հանրապետական կուսակցությունը «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ կազմավորել է ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից ընդունված կարգախոսը»։
Զուրաբյանը ԿԸՀ-ին միջնորդել էր պարտավորեցնել, որ ՀՀԿ-ն վերացնի այդ խախտումը, այլապես Հայ ազգային կոնգրեսը կդիմի դատարան՝ ընտրախախտումը վերացնելու նպատակով:
«Ազատությունը» հայտնում է, որ ԿԸՀ-ի նախագահ Մուկուչյանն ասել է, որ դիմումը գրվել է այն պահին՝ մարտի 30-ին, երբ Հանրապետականը, ի թիվս մյուս կուսակցությունների, դեռևս գրանցված չի եղել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու նպատակով: Այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն առարկություն չի ներկայացրել, և, այդպիսով, հանձնաժողովը մերժել է Հայ ազգային կոնգրեսի դիմումը:









































