Ցինցինատիի համալսարանում ապրիլի 1-ին, ինչպես ԱՄՆ-ում ընդունված է ասել` հիմարների օրը, ցուցահանդես կբացվի, որտեղ ներկայացված կլինեն կեղծարար նկարչի գործերը:
Ավելի քան 3 տասնամյակ նկարիչը ԱՄՆ-ի տարբեր թանգարանների ու պատկերասրահների է նվիրել «վարպետների գործեր»: Ամերիկացին, որը ներկայանում է տարբեր անուններով, առավել հայտնի է որպես Մարկ Լանդիս:
Նկարների` «Կեղծ իրականություն» կոչվող ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 20-ը: Ապրիլի 1-ի առիթով համալսարանը որոշել է իր ուշադրությունը սևեռել այն անիրական արվեստին, որը իրական արվեստի «դիմակով» ներխուժում է թանգարաններ ու պատկերասրահներ:
Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 40 աշխատանք: Հայտնի է 100 կեղծ նկարի գոյության մասին: Դրանք ճիզվիտ քահանայի հագուստի ներքո թաքնված Լանդիսը նվիրել է թանգարանների:
Լանդիսի բազմամյա խարդախությունների մասին հայտնի է դարձել 2010 թվականին, երբ նա Լուիզիանայի համալսարանի թանգարանին է նվիրել ամերիկացի իմպրեսիոնիստ Չարլզ Քորթնի Կարանի կտավը: Այն կասկածի տեղիք էր տվել: Հետաքննությամբ պարզվել էր, որ նվիրատվությունը կտավի տպագիր վերարտադրությունն է:
Լանդիսի դեմ պաշտոնական մեղադրանք երբևէ չի առաջադրվել, քանի որ նա նկարները ոչ թե վաճառել է, այլ նվիրել:









































