Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաջարկած խաղաղության պլանը, Սիրիայի կառավարության վերջին շանսն է` խուսափել միջազգային հանրության կողմից խիստ միջոցառումներից: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, Դավութօղլուն հայտարարել է վաղը Ստամբուլում կայանալիք Սիրիայի բարեկամներ միջազգային համաժողովի նախօրեին:
Նա զգուշացրել է սիրիական կառավարությանը չփորձել օգտագործել այդ նախաձեռնությունը`որպես միջոց ավելի շատ ճնշում գործադրելու ընդդիմության վրա:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը համաձայնել է Անանի առաջարկած խաղաղության պլանի 6 կետի հետ: Ասադը, միաժամանակ, ընդգծել է, որ ընդդիմությունը պետք է հայտարարի կրակի դադարեցման մասին: Անանի` Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորման պլանը հրապարակվել էր մարտի 28-ին:
Հիշեցնենք, որ անկարգությունները Սիրիայում սկսվել էին 2011թ. մարտի 18-ին:
ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` կոնֆլիկտի հետևանքով Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 9 հազար մարդը:








































