Այսօր Բելֆաստում բացվում է ժամանցային-հետազոտական համալիր՝ նվիրված աշխարհի ամենահայտնի «Տիտանիկ» նավի խորտակման 100-ամյակին:
Titanic Belfast-ն այսօրվա դրությամբ «Տիտանիկին» նվիրված ամենամեծ թեմատիկ պարկն է: Այն կտեղակայվի 6 հարկանի նավի տեսք ունեցող շենքում: Կենտրոնը հանդիսանում է խոշոր ներդրումային նախագծի մի մասը: Մի քանի տարի Բելֆաստի արևելքում ստեղծվում է «Տիտանիկ» թաղամաս՝ քաղաք քաղաքի մեջ, որի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը կլինի ժամանցային համալիրը:
Համալիրը ներառում է նավի և նրա ողբերգական ճակատագրի հետ կապված բոլոր հանգամանքներն ու առասպելները: Այն ունի 9 պատկերասրահ, պատմական սրահներ: Յուրաքանչյուր պատկերասրահ նվիրված է նավի «կյանքի» որոշակի փուլի: Դրանում կներկայացվեն «Տիտանիկից» հայտնաբերված իրեր, ինչպես նաև տարբեր ցուցանմուշներ, որոնք պատկերացում կտան 20-րդ դարի հասարակության մասին:
Համալիրը գտնվում է այն թաղամասում, որտեղ մինչ օրս կանգնած է նույն նավանորոգարանը, որում կառուցվել է «Տիտանիկը»: Այսօր այցելուների համար կբացվեն նաև պատմական արհեստանոցները, որտեղ մշակվել է նավի դիզայնը: Նախագծի հեղինակները փորձել են այն հնարավորինս ինտերակտիվ դարձնել: Պատկերասրահներում կկայանան 3D շնորհանդեսներ:
Մինչ այժմ համալիրն արդեն վաճառել է 100 հազար տոմս:








































