Վաղը՝ ժամը 13.00-ին Մաշտոցի պուրակի «պաշտպան» շուրջ տասնյակ հասարակական գործիչներ կփորձեն ապամոնտաժել պուրակում տեղադրված կրպակները: Նրանց տրամադրվածությունը մարտական է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց religions.am կայքի գլխավոր խմբագիր Ստեփան Դանիելյանը`խոսելով վաղը Մաշտոցի այգում կայանալիք ապամոնտաժման շուրջ:
Նա նշեց, որ տրամադրվածությունը մարտական է, իսկ որոշումն` ուժի մեջ. վաղն ապամոնտաժելու են կրպակները, որևէ խնդիր չկա, բոլորի տրամադրությունը բարձր է: «Մենք չենք համարում, որ անօրինական գործողություններ են լինելու մեր գործողությունները, որովհետև կա կառավարության որոշում, որ այդ կրպակները պետք է ապամոնտաժվեն, պարզապես ժամկետը նշված չէ: «Մենք, կարծում ենք, որ դա ժամկետների հարց է, պարզապես ժամկետների հարցով չի որոշվում մեր գործողությունների իրավական լինելը կամ ոչ: Մենք միանշանակ որևէ ուժային գործողությունների չենք գնալու և հանգիստ ենք լինելու, եթե մեր առջև փակեն, մենք փորձելու ենք բացատրել, բացատրել նաև ոստիկաններին, թե ինչ է կատարվում, բայց որևէ ուժային գործողությունների չենք գնալու»,- մեկնաբանեց Ս. Դանիելյանը:
Հիշեցնենք, որ շուրջ տասը հասարակական գործիչներ հայտարարել են, որ վաղը կապամոնտաժեն Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները և կիրականացնեն երիտասարդների քաղաքացիական դատարանի որոշումը, որն էր՝ ապամոնտաժել կրպակները:









































