Այսօրվանից մենք սկսում ենք մեր նոր ճակատամարտը՝ հանուն ժողովրդավարության և այն Հայաստանի, որ կդառնա արժանապատիվ կեցության մեր օրրանը: Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Մինչ այժմ զբաղված էինք ցուցակների կազմումով: Ըստ էության որոշվում էին ճակատի տարբեր հատվածների պատասխանատուների ընտրության հարցերը: Այս աշխատանքի պատճառով, թվում էր, անդորր էր հաստատվել, բայց դա անդորր էր փոթորկից առաջ:
Այսօր ես զեկուցում եմ, որ մեր բանակը շարված է և պատրաստ հարձակման: Մենք պատրաստ ենք վերահսկելու առաջիկա ընտրությունների ընթացքը: Վերջապես հեռուստաեթերը բացվելու է մեր առջև, իսկ ժողովուրդը ոտքի է կանգնելու: Քաղաքական կյանքի իսկական թեժացումը դեռ առջևում է:
Սա իսկապես ճակատամարտ է, որը թույլ է տալու բազմապատկել մեր համակիրների բանակը: Մեր ժողովուրդը մեծ անակնկալ է մատուցելու այս իշխանություններին, որոնք մտածում են, որ կրկին կարող են բռնաբարել ժողովրդի կամքը: Իշխանությունները չեն հասկանում, որ մենք ապրում ենք մի նոր դարաշրջանում, ինչպես՝ Ֆեյսբուքի, որտեղ հնարավոր չէ խաբել մարդկանց: Ստեղծվել է նոր, ազատ ու պահանջատեր հասարակություն, որի օգնությամբ էլ այս իշխանությունների վերջը տալու ենք: Ստեղծվել է պատմական պատեհություն՝ թոթափել այս իշխանիկների լուծը: Ուրեմն՝ ի գործ»,- ասաց նա:







































