Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և դարպասապահ Իկեր Կասիլյասի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: AS հանդեսի հաղորդմամբ` պորտուգալացին «Ռեալ»-ի վերջին հանդիպումների անհաջողությունները կապում է «արքայական ակումբ»-ի դարպասապահի հետ:
Մոուրինյոն դժգոհել է դարպասապահի խաղից Իսպանիայի առաջնության 28-րդ և 29-րդ տուրերում տեղի ունեցած «Մալագա»-ի և «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպումներից հետո: Երկու խաղերն էլ ավարտվել են 1:1 հաշվով («Ռեալ»-ը գոլեր է ընդունել խաղավերջում` տուգանային հարվածների իրացման արդյունքում, քանի որ Կասիլյասը տեղ էր զբաղեցրել ֆուտբոլիստներից կազմված պատի ետևում` դարպասային գծի մոտ):
Հիշեցնենք, որ Մոուրինյոյի և Կասիլյասի վիճաբանության մասին ընթացիկ մրցաշրջանում բազմաթիվ լուրեր են տարածվել իսպանական լրատվամիջոցներում: Մարզչի և դարպասապահի լարված հարաբերությունների մասին տեղեկությունները չեն ժխտում նույնիսկ ակումբի ներկայացուցիչները:
Ըստ AS-ի հրապարակած տեղեկությունների` Մոուրինյոն հեռախոսազրույց է ունեցել թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ` մասնավորապես նշելով հետևյալը.«Անհաջողությունների պատճառը Կասիլյասն է: Ինձ անհրաժեշտ է նոր դարպասապահ»:







































