Թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանը պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ բողոքարկելու ՀՀԿ կողմից նույն ընտրատարածքում առաջադրված գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանի՝ վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տրամադրված տեղեկանքի իսկությունը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ չնայած Հակոբյանի այն հայտարարություններին ու դիմումներին, թե Սարոյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում և նրա նկատմամբ նույնպես պետք է կիրառվի Խաչատուր Սուքիասյանի ու Էդուարդ Մադաթյանի նախադեպը, թիվ 19 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ Սեդրակ Սարոյանին պատգամավորության թեկնածու էր գրանցել:
«Մեր բողոքի հիմքը լինելու է այն, որ Սեդրակ Սարոյանը վերջին 5 տարում Հայաստանում մշտապես չի բնակվել և նրա ներկայացրած տեղեկանքը կեղծ է: Վարչական դատարան բողոքարկելուց հետո կդիմենք նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ փորձելով նպատակին ավելի արագ հասնել»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Հարցին՝ նեղսրտած չէ՞ հարազատ կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, որ իրեն չի սատարում (Հակոբ Հակոբյանն ինքնառաջադրվել է, ՀՀԿ-ն այս ընտրատարածքում սատարում է Սեդրակ Սարոյանին.- 1in.am.), պատգամավորության թեկնածուն նշեց. «Ոչ, իմ կուսակցության ղեկավարներն իմ առջև առաջադրանք են դրել, որպեսզի ես ապացուցեմ, որ ընտրությունների կարող եմ գնալ առանց պետական լծակներն օգտագործելու, առանց կուսակցության աջակցության: Ես պետք է ապացուցեմ, թե իրականում որքան քվե ունեմ, որպեսզի հետագայում ինձ ավելի լուրջ հանձնարարություններ տան»:
Հակոբյանի խոսքով՝ իր քաղաքական հակառակորդն օգնության կարիք ունի: «Իսկ օգնության են գնում թույլերին, ծերերին ու անապահովներին, և ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ նրան փորձում են քայլել, խոսել սովորեցնել կամ ինչ-ինչ միջոցներ ձեռնարկելով՝ բերել քաղաքական դաշտ»,- ասաց նա:
Ամփոփելով՝ ինքնառաջադրված թեկնածուն ընդգծեց, որ իր կուսակցությունը միշտ ճիշտ է: «Ես կուսակցության շահերն եմ պաշտպանելու և կիսում եմ ՀՀԿ գաղափարները»:









































