ՌԴ Հանրային պալատի անդամները հայտարարել են, որ Մոսկվայի և Ամենայն ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ տեղեկատվական հսկայածավալ քարոզարշավ է սկսվել։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
«Այն, ինչ արվում է պատրիարքի դեմ, խավարամտություն է: Այլ բառ կիրառելն անհնար է: Նրանք, ովքեր սկսել են այս քարոզարշավը, փորձում են վիրավորել և նվաստացնել մեր մշակույթը: Այս ամենը շատ վնասակար է ոչ միայն կոնկրետ մարդու, այլ նաև ողջ հասարակության համար»,-հայտարարել է Հանրային պալատի անդամ Անատոլի Կուչերենան՝ հավելելով, որ կա քարոզարշավի «կոնկրետ պատվեր», իսկ տեղեկատվական հարձակումն իր մեջ կրում է «ռուսաֆոբիական և հակաքրիստոնեական միտումներ»:
«Նրա դեմ հարձակումները հասարակական բնույթ են կրում: Պատվիրատուն, ենթադրում եմ՝ Ռուսաստանից է, բայց ակտիվորեն աջակցվում է դրսից»,- հայտարարել է Հանրային պալատի մեկ այլ անդամ` Սերգեյ Մարկովը:
2012 թ. մարտին մի շարք ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվել, որ ոմն Լիդիա Լոնովա, ով իբր պատրիարքի բարեկամուհին է, զբաղվում է բնակարանների հափշտակումներով:
Ավելի վաղ Կիրիլ պատրիարքի անունը հայտնվել էր Pussy Riot պանկ-խմբի շուրջ ծավալված սկանդալի մեջ, որի մասնակիցները ձերբակալվել էին՝ մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկչի տաճարում «պանկ-աղոթքի» համար: Միակ երգը, որ կատարվել էր «աղոթքի» ժամանակ, եղել էր «Տիրամա՛յր, Պուտինին վտարի՛ր»: Բողոքի ակցիան պատրիարքի՝ նախագահական ընտրություններում Պուտինին սատարելու դեմ էր ուղղված: Ակցիայի մասնակիցներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:









































