Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը հինգշաբթի օրը հայտարարել է Դամասկոսում իրենց դեսպանատան փակման մասին: Այս մասին տեղեկացրել է Belga գործակալությունը:
Նախարարի խոսքերով՝ դիվանագիտական ներկայացուցչությունը փակելու որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
Ինչպես հայտարարել է Ռեյնդերսը, որոշումը ուժի մեջ կմտնի մարտի 31-ին, երբ Բելգիայի դեսպանը կհեռանա Սիրիայից, իսկ դեսպանության առաջին քարտուղարը կսկսի աշխատել Դամասկոսում ԵՄ պատվիրակության կազմում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում իրենց դեսպանատներն էին փակել Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսպանիան, Թուրքիան և Սլովակիան :
Սիրիայում գրեթե մեկ տարի շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք վերածվել են զինված բախումների: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ սիրիական կոնֆլիկտի զոհերի թիվը հասել է մոտ ինը հազարի:









































