Լիտվական խորհրդարանի (Սեյմի) հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամները մտադիր են դիմել գլխավոր դատախազություն` խոսնակ Իրենե Դյագուտենեի կողմից պետական գաղտնիքը հրապարակելու գործով: Պետական գաղտնիքը վերաբերում է Snoras բանկի ազգայնացմանը: Ինչպես տեղեկացրել է РБК-ն, դատախազություն դիմելու օգտին քվեարկել են հանձնաժողովի 11 անդամներից 6-ը: Դեմ են քվեարկել Պահպանողական կուսակցության անդամները, որին պատկանում է Դյագուտենեն:
Դատախազություն դիմելու պատճառ է հանդիսացել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ալգիրդաս Բուտկյավիչյուսի հայտարարությունը, ըստ որի՝ խոսնակի որդին, ստանալով բանկի ազգայնացման մասին տեղեկատվությունը, վերցրել է բանկից իր միջոցները: Ըստ ղեկավարի՝ նման կերպ է վարվել նաև Դյագուտենեի ամուսինը:
Ինքը` Դյագուտենեն, պնդում է, որ ոչինչ չի իմացել Snoras բանկի ազգայնացման մասին, իսկ նրա որդին դատական հայց է ներկայացրել Սոցիալ–դեմոկրատական կուսակցության ղեկավարի դեմ` մեղադրելով նրան զրպարտության մեջ:
Լիտվայում մեծությամբ հինգերորդ Snoras բանկը ճանաչվել էր անվճարունակ և ազգայնացվել էր 2011 թ. նոյեմբերի կեսերին: Բանկի բաժնետոմսերի 90 %-ը պատկանում էր ռուս միլիարդատեր Վլադիմիր Անտոնովին և լիտվացի Ռայմոնդաս Բարանաուսկասին:









































