ԶԼՄ-ները շարունակում են պարզել ԿԺԴՀ-ի երիտասարդ առաջնորդ Կիմ Չեն Ինի անձնական կյանքի մանրամասները: Հյուսիսային Կորեայի տեղեկատվական փակ պայմաններում դա կարող է արվել միայն լուրերի հիման վրա:
Այս անգամ երիտասարդ ղեկավարը դարձել է սիրային պատմության գլխավոր հերոս, որը աշխարհին պատմել է այս տարեսկզբին Հարավային Կորեա փախած երիտասարդ արտիստուհին, որը հայտնի էր Փխենյանի էլիտար շրջանակներում: Այս մասին «Էխո Մոսկվիի» կայքի իր բլոգում գրել է Տոկիոյում բնակվող լրագրող Վասիլի Գոլովնինը:
Նրա խոսքով` Կիմ Չեն Ինի համակրանքին արժանացել է «Պոչխոմբո» էլեկտրոնային երաժշտության համույթի վոկալիստուհի Խյուն Սոն Վոլը: Ինչպես պնդում է լրագրողը, երիտասարդ մարդկանց սիրավեպն սկսվել է 2000-ականների սկզբին, երբ Խյուն Սոն Վոլի համույթին հրավիրել են փակ ելույթ ունենալ Կիմ Չեն Իրի նստավայր: Սակայն հայրը չի ողջունել որդու ու երգչուհու միջև կապը, ու աղջիկն ամուսնացել է Կիմ Չեն Իրի անձնական պահակախմբի սպաներից մեկի հետ:
Լուրերի համաձայն` Կիմ Չեն Ինը 2010թ. մայիսին նույնպես ամուսնացել է, անգամ դուստր ունի: Սակայն ինչպես տեղեկացրել է երգչուհին, սիրավեպը գաղտնի շարունակվել է Կիմ Չեն Ինի թելադրանքով: Թե սիրային կապը խստաբարո հոր մահից հետո ինչ ճակատագիր է ունեցել, հայտնի չէ:










































