Շվեդիայի պաշտպանության նախարար Սթեն Թոլգֆորսը հրաժարական է տվել՝ Սաուդյան Արաբիայում զենք արտադրող գործարան կառուցելու կառավարության ծրագրի շուրջ բարձրացած սկանդալի պատճառով:
Իչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով կառավարության մամուլի քարտուղար Ռոբերտ Ալենիուսին, նախարարը դիմում է գրել սեփական նախաձեռնությամբ:
Նախարարի շուրջ սկանդալ էր ծագել այն բանից հետո, երբ տեղի ԶԼՄ-ները լուրեր տարածեցին, թե Շվեդիայի պաշտպանության նախարարությունը գաղտնի բանակցություններ է վարում սաուդցիների հետ հակահրթիռային միջոցների մոդեռնիզացման և վերանորոգման գործարան կառուցելու ուղղությամբ:
Չնայած Շվեդիայում Սաուդյան Արաբիայի հետ ռազմական առևտրի վրա արգելք դրված չէ, այնուամենայնիվ, փորձագետնեը կարծում են, որ երկրի ՊՆ-ն ցանկանում է խուսափել այդ հարցի հրապարակային քննարկումներից:
Սկզբում Թալգֆորսը պաշտպանում էր իր գերատեսչության ծրագիրը՝ նշելով, որ այն միանգամայն համապատասխանում է Սաուդյան Արաբիայի հետ ռազմական համագործակցության պայմանագրին, սակայն քննադատներին դա չբավարարեց:
Առավել ակտիվորեն նախարարի հրաժարականը պահանջում էին ձախ կուսակցությունները և տեղի պացիֆիստները, որոնք հանդես են գալիս ոչ ժողովրդավարական վարչակարգերի հետ զենքի առևտրից հրաժարվելու օգտին:
Թե ով կփոխարինի Թոլգֆորսին պաշտպանության նախարարի պաշտոնում՝ առայժմ հայտնի չէ:








































