ՕԵԿ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 7-ին` Ազատության հրապարակում, իսկ քարոզարշավի հենց առաջին օրը կլինի կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը` հավելելով, որ կուսակցությունը պլանավորել է` որ օրը որ մարզում է լինելու:
Բիշարյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը նպատակ ունի ամենաքիչը կրկնապատկել այս պահին ԱԺ-ում ունեցած իր մանդատները:
«Մենք այս հարցում վճռական ենք: Միաժամանակ, վաղ է հատուկ թվեր նշել, թե որքան ձայն կհավաքենք: Սոցիոլոգիական տվյալներն անընդհատ փոփոխվում են: Ինչ էլ լինի, մենք ընտրությունների մասնակցության մեծ փորձ ունենք: ՕԵԿ-ը մարտունակ ու պատրաստակամ է բարձր մակարդակի քարոզարշավ անցկացնել»,- ասաց նա:
ՕԵԿ փոխնախագահը նաև հավաստիացրեց, որ իրենք քաղաքացիներին փողով չեն «առնելու», չեն ցուցակագրելու և պայքարելու ենք փողով «քվե առնելու» երևույթի դեմ:
Լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի փաստը, որ մարզերում կուսակցությունը շաբաթներ առաջ մուրաբա էր բաժանել, Բիշարյանը նկատեց, որ ՕԵԿ մարզային կառույցներն ուղղակի շրջանների կանանց աշխատել են գեղեցիկ վերաբերմունք ցուցաբերել, իսկ խոսակցությունները, որ կուսակցությունն ընտրությունների շեմին պատրաստվում է նաև հեռախոսներ բաժանել, իրականությանը չեն համապատասխանում:
«Երբ ինչ ունեցել ենք, այն էլ բաժանել ենք»,- ասաց ՕԵԿ փոխնախագահը:







































