ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՀՀՊ հարցում Ռուսաստանին զիջումներ չի անի. այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կոնգրեսի Սենատի արտաքին գործերով կոմիտեի նախագահ Ջոն Քերին:
«Նախագահը երբեք չի հրաժարվի ՀՀՊ-ի շուրջ իր պարտավորություններից: Նա նախկինի պես խստորեն հետևում է դրանց, ինչպես և մենք բոլորս: Չէ՞ որ հենց նա է հանդես եկել դրա ստեղծման օգտին և հենց այժմ էլ զբաղվում է դրա տեղակայմամբ»,- ասել է սենատոր-դեմոկրատը՝ մեկնաբանելով Օբամայի հիմնական մրցակից Միթ Ռոմնիի՝ վերջերս արած խիստ քննադատությունները Ռուսաստանի հասցեին:
Հիշեցնենք, օրերս Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև հանդիպումից հետո քաղաքական սկանդալ է բռնկվել: Բանն այն է, որ չանջատված բարձրախոսների պատճառով լրագրողները լսել են, թե ինչպես է Օբաման ասում, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ինքը կարող է ավելի ճկուն լինել ՀՀՊ հարցում: Դրանից հետո Միթ Ռոմնին մի քանի անգամ քննադատություններ է հնչեցրել Օմաբայի հասցեին՝ նրան մեղադրելով թուլամորթության մեջ, և Ռուսաստանն անվանելով ԱՄՆ-ի թիվ մեկ աշխարհաքաղաքական թշնամին:









































