«Առավոտ»-ը գրում է, որ մոտ երկու շաբաթ է` հայաստանյան դեղատներում մի շարք կեղծ դեղեր են հայտնաբերվել:
«Հայտնի չէ, թե այդ դեղերը որտեղ են արտադրվել, ինչ սերիական համար ունեն, ով է ներկրել մեր երկիր և այլն: Բայց փաստ է, որ հայտնաբերելուց հետո էլ այդ դեղերը մինչ օրս ազատ վաճառվում են դեղատներում, և որևէ մեկը չի խոչընդոտում դրանց սպառմանը: Կեղծ դեղերը հայտնաբերել և մեր երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինների դատին են հանձնել դեղարտադրության մեջ հայտնի «Նիկոմեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մասնագետները»,- ապա թերթը հավելում է.
«Նրանք նկատել են, որ դեղատներում վաճառվում է իրենց կողմից Հայաստան ներկրվող և մեր երկրում պաշտոնապես գրանցված դեղամիջոցի կրկնօրինակը` չնչին տարբերություններով: Կեղծ դեղերը հայտնաբերելուց հետո «Նիկոմեդ» ընկերության պատասխանատուներն անմիջապես ահազանգել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և այլ պետական մարմինների: ՀՀ Դեղարտադրողների և ներմուծողների միությունն էլ իր հերթին է մոնիթորինգ կատարել և կեղծ դեղերի վերաբերյալ իր ունեցած փաստերով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, առողջապահության նախարարության պատասխանատուներին` հորդորելով միջոցներ ձեռնարկել այդ դեղերը վաճառքից հանելու:
Սակայն ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասել է Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ որևէ կառույց ջանք չի գործադրում «ինքնությունը» չպարզված դեղերը շրջանառությունից հանելու` մինչև որ կպարզեն, թե դա ինչպես է հայտնվել դեղատներում»:








































