«Օրերս պարզվեց, որ պաշտոնապես Հայաստանում ընտրողների թիվը կտրուկ աճել է` մոտ 165 հազարով: Իսկ երկու ամիս առաջ էլ պաշտոնապես արձանագրվեց, որ ՀՀ բնակչության թիվն անցած 10 տարիներին նվազել է մոտ 200 հազարով»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Բնակչության թիվն ընդհանրապես և ընտրողների թիվը մասնավորապես` գործող իշխանության համար ընտրակեղծիքների ամենամեծ ռեսուրսն է: Դա է պատճառը, որ բնակչության թվի հետ կապված պաշտոնական վիճակագրության մեջ լիակատար «բարդակ է» տիրում: Օրինակ, ըստ կրթության և գիտության նախարարության հրապարակած տվյալների, 2010 թվականին ՀՀ բոլոր դպրոցներում սովորող աշակերտների թիվը կազմում է մոտ 400 հազար:
Մինչդեռ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում դպրոցական տարիքի բնակչության թիվը ավելի քան 560 հազար է: Այսինքն` շեղումը կազմում է ավելի քան 40 տոկոս: Վիճակագրական այսպիսի, մեղմ ասած, շեղումները ստիպում են «հավատալ», որ գործող իշխանությունը իրոք ուզում է անցկացնել ՀՀ պատմության մեջ «ամենաարդար» ու «ամենաթափանցիկ» ընտրությունները»:









































