Հայաստանում խոզերի գլխաքանակի նվազումը գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը մինչ օրս բացատրում է աֆրիկյան ժանտախտով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այն հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված ԱՎԾ տվյալներով՝ 2011-ին արձանագրված խոզերի 5.8 %-ով նվազումը, Գ. Բաղյանը պատասխանեց. «Պատճառը աֆրիկյան ժանտախտն էր, որից հետո մինչև հիմա խոզերի պակասը շարունակվում է: Ներկայում վերականգնման միտում կա: Դրսից ձեռք են բերվել խոզամերուններ և հիմա բուծման աշխատանքներ են տարվում: Համոզված եմ, որ հաջորդ տարի այդ պակասը կլրացվի»:
Ըստ Գ. Բաղյանի՝ բացի խոզերի գլխաքանակի նվազումից, մնացած անասունների գլխաքանակն ավելացել է. խոշոր եղջերավոր անասուններն ավելացել են 29 հզ-ով, ոչխարը՝ 60 հզ. գլխով: Ոչխարի ավելացումը նա պայմանավորեց տեղական գառների բազմացումով և Ռուսաստանից «ռոմոնովյան» ցեղի բազմասերունդ մայրերի ներկրմամբ:
Տավարաբուծության զարգացման ծրագիրը սկսվել է 2007 թվականից և ներկայում շարունակվում է: Անցած 3 տարիների ընթացքում ներկրվել են 1200 տոհմային՝ «շվից», «հոլշտեյն» և «սիմենթալ» ցեղատեսակների երինջներ՝ Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից: Այս տարի այդ աշխատանքը կրկին ընթացքի մեջ է և, Գ. Բաղյանի խոսքով, հենց այս օրերին Չեխիայում բարձում են 10-15 գլուխ երինջներ, և մոտ 15 օրից դրանք այստեղ կլինեն: Նա հայտնեց, որ հաջորդ մրցույթը 250 գլուխ ներկրելու համար կհայտարարվի մայիս-հունիսին, իսկ մյուսը՝ աշնանը՝ կրկին 250 գլխի համար:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ անասունները ներկրվում են պետական միջոցների հաշվին և գյուղացիներին տրվում են 4 տարի տարաժամկետ վճարման պայմանագրով՝ առաջին տարում վերադարձնում են կենդանու արժեքի 10 %-ը, երկրորդ տարում՝ 20 %–ը, երրորդ տարում` 30 %–ը, չորրորդ տարում՝ 40 %–ը: Հավաքված գումարը կրկին օգտագործվում է երինջներ ձեռք բերելու համար:









































