ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի համալսարանում հաջողությամբ ավարտվել է դեմքի փոխպատվաստման վիրահատությունը, որը ներկայում համարվում է «ամենամասշտաբայինը» այդ կարգի վիրահատական միջամտությունների թվում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մինչև փոխպատվաստումը 37-ամյա ամերիկացի Ռիչարդ Նորիսը, որի դեմքն այլանդակվել էր հրացանի հետ անզգույշ վարվելու հետևանքով, շուրջ 15 տարի ապրում էր մեկուսացած կյանքով և տանից դուրս էր գալիս միայն դիմակով: Նրա 12 վիրահատությունները մինչ այդ արդյունք չէին տվել:
Մարտի 21-ին անհայտ անձը Նորիսին ու մի քանի այլ մարդու էր կտակել իր օրգանները: Դրա արդյունքում 36-ժամյա վիրահատության արդյունքում Նորիսին նոր դեմք էին պատվաստել. ծնոտ, քիթ, ատամներ ու լեզու:
Ներկայում, ինչպես պնդում են բժիշկները, որոնք իրենց առաջ խնդիր են դրել վերականգնել ոչ միայն նրա դեմքի էսթետիկ գեղեցկությունը, նա կարող է վերադառնալ նորմալ կյանք:













































