ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնին նոր քննադատությունների տարափ է տեղացել երկրի նախագահ Բարաք Օբամայի հասցեին: Foreign Policy շաբաթաթերթում տպագրված իր հոդվածում Մասաչուսեթսի նախկին նահանգապետը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության գնալիս Օմաբան անթույլատրելի և աններելի թուլություն է ցուցաբերում: Ռոմնիի կարծիքով՝ Սպիտակ տան ներկա ղեկավարը չափազանց մեղմ է ՀՀՊ-ի և միջուկային անվտանգության հարցերում, դրա համար էլ Մեդվեդևը նախընտրում է նրա հետ գործ ունենալ:
Նույն հոդվածում Ռոմնին Օբամային մեղադրել է թուլամորթության և «միջազգային թատերաբեմում լիակատար անօգնական վիճակի» համար: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի կողմից զգալի զիջումներ չստանալուց հետո Օբաման հրաժարվել է Լեհաստանում ՀՀՊ ստեղծման ծրագրից, ինչը իսկական նվեր է Մոսկվայի համար: «Ռուսաստանը ոչ այլ ինչ է, քան մեր կողի մեջ խրված սեպ»,- ասել է Ռոմնին:
Փորձագետների կարծիքով՝ իր հակառուսական հայտարարություններով Ռոմնին փորձում է քաղաքական միավորներ հավաքել և ստանալ ընտրողների ձայները:









































